Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումը կնվազեցնի լարվածությունը ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև: «Դա հանդիպում էր երկու մարդկանց, որ անհանգստացած են այն ամենով, ինչ այսօր ընդհանրապես կատարվում է աշխարհում՝ հաշվի առնելով մեծ լարվածությունը, որ այսօր կա Արևելքի և Արևմուտքի միջև, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Այդ մտահոգությունը լուրջ խոսակցության թեմա դարձավ: Մի շարք հասարակական հարցերում, որոնց շուրջ դեռ երեկ, թվում էր՝ հնարավոր չէ համաձայնության գալ, մենք այսօր լիովին համակարծիք էինք»,- ասել է նա լրագրողներին՝ ամփոփելով Լատինական Ամերիկա և Անտարկտիկա երկշաբաթյա ուղևորությունը:
Փետրվարի 11-22-ին Ռուսիո պատրիարքը այցելել է Լատինական Ամերիկա և Անտարկտիկա: ՈՒղևորության ամենակարևոր իրադարձությունը, որ, անկասկած, տեղ կգտնի պատմության դասագրքերում, Հռոմեա-կաթոլիկ և Ռուսաստանի ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումն էր: Փետրվարի 12-ին Հավանայում նրանք ստորագրեցին միացյալ հայտարարություն, որով միջազգային հանրությանը կոչ են անում միավորել Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում քրիստոնյաների պաշտպանության ջանքերը: